07/04/2023 09:43
«Ժողովուրդ». ՔՊ վարչության վերջին նիստից հետո Ալեն Սիմոնյանի մասով մտափոխվել են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները կուսակցության վարչության վերջին նիստից հետո մտափոխվել են Ալեն Սիմոնյանի մասով: Կասկադում ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո իշխող ֆրակցիայի պատգամավորները՝ ոմանք ներքին զրույցներում, իսկ ոմանք էլ անթաքույց լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում էին, որ ֆրակցիան պետք է քննարկի նրա մասնակցությամբ միջադեպը:
Պատգամավորներից մի քանիսն էլ, հավանաբար առաջին նախագահի առաջարկից ոգևորված, հայտարարում էին, որ ֆրակցիան ԱԺ նախագահի պաշտոնանկության հարց պետք է քննարկի: Բայց, արի ու տես, ՔՊ վարչության վերջին նիստից հետո իշխող ֆրակցիայի ներսում տրամադրություններ են փոխվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նիստին ո’չ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը, ո’չ էլ նրա պաշտոնանկության հարց չի քննարկվել: Թե որն է ՔՊ-ականների մտափոխության պատճառը, հասկանալի չէ: Հավանաբար, Ալեն Սիմոնյանին, չնայած ՔՊ մի թևի ջանքերին, հաջողվել է պատգամավորների հետ լեզու գտնել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ ո’չ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը, ո’չ էլ նրա պաշտոնանկության հարց, առհասարակ, ֆրակցիան չի քննարկել»։