08/04/2023 16:07
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հոսքաջրերի արտահոսք է եղել․ թափվել է Քաջարանի համայնքային և մայրուղու Քաջարան-Մեղրի հատված
Սյունիքի մարզում ապրիլի 7-ին տեղի ունեցած վթարային հոսանքազրկումների պատճառով խափանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը։ Այս մասին հայտնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մամուլի ծառայությունից։
«Երեկ երեկոյան ողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։
Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև` արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան - Մեղրի հատված»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընկերության անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել է 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև ապրիլի 8-ին:
Պատահարի վերաբերյալ ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է Ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղին: