08/04/2023 14:11
Ես վստահ եմ՝ եթե մենք ուժեղ չլինենք, եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու. Ռուբեն Վարդանյան (Տեսանյութ)
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը վստահ է՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները կաշխատեն այն ժամանակ, երբ մյուս կողմը իմանա, որ չի կարող խախտել պայմանավորվածությունները։
«Վերջին 35 տարվա մեջ մենք ունեցել ենք և՛ լավ, և՛ վատ օրինակներ, բայց ես վստահ եմ, որ Արցախում կան շատ իմաստուն, կրթված ու ուժեղ մարդիկ, որոնք, պատասխանատվությունը զգալով, կարող են դառնալ ճիշտ էլիտա, այն էլիտան, որը ոչ թե փողով ամեն ինչ առնում է, այլ մարդիկ, որոնք ընդունվում են հասարակության կողմից», - պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ «արդյո՞ք մեր գլխավոր խնդիրը կամ խնդիրների գլխավոր պատճառը իսկական էլիտա չունենալն էր, արդյո՞ք Լևոն Հայրապետյանը կարող էր լինել այդպիսի էլիտայի կորիզը։ Արդյո՞ք մենք դեռ ունենք ժամանակ այդպիսի էլիտա ձևավորելու համար» հարցերին՝ հայտարարել է նա:
Մյուս հարցին՝ հնարավո՞ր է բանակցություններով կարգավորել Արցախի խնդիրը, թե՞ անպայման պետք է պատերազմել, Վարդանյանը պատասխանել է․ «Ես միշտ կողմնակից եմ եղել, որ ամենածանր, ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը։ Ես վստահ եմ, որ բանակցության միջոցով մենք կարող ենք հասնել մեր նպատակին։ Բայց, նայելով պատմության էջերը, ես վստահ եմ՝ եթե մենք ուժեղ չլինենք, եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու»։