08/04/2023 11:01
Ռուսաստանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում եղել և մնում է անվտանգության և իրավիճակի սրումը կանխելու շատ կարևոր գործոն. Սերգեյ Կոպիրկին
Անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը մնում է մեր փոխգործակցության առանցքային ոլորտներից մեկը, Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Գործում է 102-րդ ռազմաբազան, ավելացել է մեր սահմանապահների թիվը, դիտակետեր կան հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։ Իհարկե, տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն է մեր խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ նրա հասցեին հնչում են քննադատական արտահայտություններ, սակայն դա չի ժխտում այն փաստը, որ սա առանցքային գործոն է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և ապրուստի ապահովման գործում։ Անգամ հիմա, երբ միջանցքը փակ է, խաղաղապահները շատ կարևոր դեր են խաղում հումանիտար ճգնաժամը կանխելու, այնտեղ կենսապահովման պարագաների և սննդի առաքման հարցում օժանդակելու հարցում։ Կարելի է ինչ-որ պահանջներ հայտնել Ռուսաստանի դեմ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դեմ, բայց այն, որ ռուսական ներկայությունը եղել և մնում է անվտանգության և իրավիճակի սրումը կանխելու շատ կարևոր գործոն, դա, իմ կարծիքով, չի պահանջում ապացույցներ»,- նշել է նա:
Կոպիրկինն ընդգծել է՝ Ռուսաստանը ոչ մի կերպ չի հրաժարվում այն պարտավորություններից, որոնք ունի Հայաստանի հետ համապատասխան պայմանագրերով:
«Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, իհարկե, սա զգայուն և ոչ հրապարակային ոլորտ է։ Այն ավանդաբար եղել և մնում է մեր երկկողմ հարաբերությունների կարևոր մաս: Գործում են համապատասխան մեխանիզմներ այս ոլորտում փոխգործակցությունն ապահովելու համար: Ինչ վերաբերում է համատեղ զորավարժություններին, ապա, ընդհանուր առմամբ, սա ժամացույցի ստուգման ձև է՝ կապված ռազմական գործողությունների պլանավորման և միացյալ զինված ուժերի կիրառման հետ։ Սա բավականին սովորական գործընթաց է, որը տեղի է ունենում տարբեր մակարդակներում, և, որքան գիտեմ, հայկական ստորաբաժանումներն ու մասնագետները պարբերաբար մասնակցում են նման միջոցառումներին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ իրավիճակը ընդհանուր առմամբ սպեցիֆիկ է՝ հանրապետությունում կա մեր ռազմաբազան, գործում է զորքերի (ուժերի) միացյալ խումբ, և, բնականաբար, դա ենթադրում է համատեղ միջոցառումներ, վարժանքներ բավականին կանոնավոր հիմունքներով։ Ավելացնեմ, որ երբ խոսում ենք ռազմատեխնիկական համագործակցության, համատեղ վարժանքների մասին, դա դիտարկում ենք որպես Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոն և տարածաշրջանում անվտանգության պահպանման և ամրապնդման մեր ընդհանուր ջանքերի բաղկացուցիչ մաս»,- հավելել է դեսպանը: