08/04/2023 17:49
«Նա առյուծ է»․ Իտալիայի փոխվարչապետը հայտնել է՝ Սիլվիո Բեռլուսկոնին իրեն լավ է զգում
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իրեն լավ է զգում, Sky TG24-ի եթերում հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար, Բեռլուսկոնիի ղեկավարած «Առաջ, Իտալիա» կուսակցության փոխնախագահ Անտոնիո Տայանին։
Քաղաքական գործիչն ասել է, որ ինքը զրուցել է հիվանդանոցում գտնվող Բեռլուսկոնիին բուժող բժիշկների, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների հետ, որոնք իրեն փոխանցել են, որ Սիլվիո Բեռլուսկոնին իրեն լավ է զգում։
«Բեռլուսկոնին ասել է, որ իրեն լավ է զգում, նա առյուծ է»,- նշել է Անտոնիո Տայանին՝ հույս հայտնելով, որ մայիսին «Առաջ, Իտալիա» կուսակցության կազմակերպելիք մեծ միջոցառմանը ներկա կլինի նաև Բեռլուսկոնին։
Նշենք, որ Իտալիայի նախկին վարչապետ 86-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին այժմ գտնվում է Միլանի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, որտեղ նրա մոտ քրոնիկ միելոմոնոցիտային լեյկոզ են ախտորոշել։ Բժիշկները, սակայն, նշում են, որ հիվանդության սրման նշաններ չկան և որ լեյկոզի այդ տեսակը ենթակա է բուժման։ Բեռլուսկոնիի մերձավոր շրջապատից էլ հայտնել են, որ նրա օրգանիզմը դրական է արձագանքում բուժմանը։