08/04/2023 20:09
Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուց հետո ՆԱՏՕ-ի երկրների զենքի պաշարները պակասել են, բացը պետք է լրացնել․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անհրաժեշտ է համարում, որ ՆԱՏՕ-ի երկրները մեծացնեն ռազմական ծախսերը, պաշտպանության նպատակով ծախսերը համարժեք դարձնեն ՀՆԱ-ի ավելի քան 2%-ին։
«ԱՄՆ-ի տեսանկյունից, 2 տոկոսը ոչ թե վերին, այլ ներքին շեմն է»,- ասել է Բլինքենը՝ Funke մեդիա խմբին տված հարցազրույցում։
ԱՄՆ պետքարտուղարն այս համատեքստում հիշատակել է 2022-ին ընդունված ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը, որը, նրա խոսքով, արտացոլում է ժամանակակից իրականությունում առկա մարտահրավերները։
«Մենք Ուկրաինային ռազմական օգնություն ենք ցուցաբերում պատերազմի ամենասկզբից։ Դա ստիպել է ՆԱՏՕ-ի երկրներին պակասեցնել զենքի սեփական պաշարները։ Այդ բացը պետք է լրացնել։ Մենք պետք է ապահովենք պաշտպանական արտադրության և պաշտպանական ծախսերի կայուն ու մշտական ռիթմ»,- ասել է Բլինքենը։
Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն 7-ն են այս պահի դրությամբ իրենց պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ին հասցնելու խնդիրը կատարել։