08/04/2023 19:44
Հնդկաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները ամենակայուններից մեկն է համարում
Նյու Դելիի և Մոսկվայի հարաբերություններն ամենակայուններից են՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա, հայտարարել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպանատան առաջին քարտուղար Վիվեկ Սինգհը՝ «Ռուսաստանն ու Հնդկաստանը բազմաբևեռության ամրապնդման գործընթացում» խորագրով քննարկման ժամանակ, որը կազմակերպվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում։
«Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետությունների միջև եղած ամենակայուն հարաբերություններից են՝ հիմնված փոխադարձ մեծ վստահության և խորը հարգանքի վրա։ Մեր հարաբերությունների բացառիկ կայունությունը ժամանակի ընթացքում փորձարկվել է և վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգում, որն արտացոլում է մեր արտոնյալ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հանձնառությունը»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Հնդկաստանն ու Ռուսաստանը միշտ պահպանել են համագործակցային, ներառական ու խորհրդատվական մոտեցումներ՝ միջազգային հարաբերություններում։
Նշենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգում հատուկ նշանակություն է տրվում Չինաստանի և Հնդկաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։ Հայեցակարգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է մարտի 31-ին։