08/04/2023 10:08
«Ժողովուրդ». Ինչու ԱԺ-ն փոխեց փաստաշրջանառության գործող կարգը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանում երեկվանից փոխվել է 33 տարի գործող ավանդույթը և փաստաշրջանառությունը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին ուղղված դիմում է գրել, որտեղ յոթը էջի սահմաններում նկարագրված էր, թե ինչպիսի ենթադրյալ հանցանքներ է իրեն թույլ տվել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին՝ ՄԻՊ թեկնածուի հարցով հանձնաժողովի նիստի ընթացքում, և պահանջել էր դատախազությունից ուսումնասիրել վերջինիս վարքը, որտեղ ակնհայտորեն քրեական տարրեր էին առկա:
ԱԺ աշխատակազմը, սակայն, հրաժարվել էր դիմումը մուտքագրել դատախազություն՝ պատճառաբանելով, թե դիմումը պետք է ուղարկվի հանձնաժողովի նախագահի առանձին բլանկով, ինչը երբեք չի օգտագործվել ԱԺ-ում, չի եղել նման բլանկ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ երեկվանից ԱԺ աշխատակազմը գլխադասային հանձնաժողովների բոլոր նախագահների համար պատրաստել է առանձին բլանկներ, որպեսզի հանձնաժողովների նախագահները ունենան առանձին, այլ ոչ թե հանձնաժողովի անունով բլանկ:
Ստացվում է՝ Թագուհի Թովմասյանի ուղարկած դիմումի՝ քաղաքական պատճառներով խոչընդոտի արդյունքում ԱԺ-ն փաստաշրջանառության գործող կարգը փոխեց»։