08/04/2023 11:43
Այն, ինչ երեխաներին սովորեցնում են դպրոցում կամ ընտանիքներում, չեն բխում մեր իրական կյանքից. Աննա Հակոբյան (Տեսանյութ)
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ անցկացվել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով:
«Ես գտնում եմ, որ բոլորս պետք է քննարկենք և մեզ համար լավագույն լուծումները գտնենք՝ մեզ համար, մեր երեխաների, մեր պետության համար: Հայ կնոջ դերն ինձ համար կարևոր է առաջին հերթին պետության տեսակետից: Գտնում եմ, որ հարյուրամյակներ մենք թերացել ենք, և այն, ինչ երեխաներին սովորեցնում են դպրոցում կամ ընտանիքներում, ընդամենը խոսքեր են և չեն բխում մեր իրական կյանքից»,- ասել է Աննա Հակոբյանը:
Ըստ վարչապետի տիկնոջ` նմանատիպ քննարկումները պարզապես խոսելու հարթակի վերածելու փոխարեն պետք է ծառայեցնել խնդիրները գտնելու, լուծելու, յուրաքանչյուրն ինքն իրեն փոխելու միջոց:
Աննա Հակոբյանը իր ելույթում անդրադարձել է նաև կանանց ընձեռված հնարավորություններին: Օրինակ բերել պարեկային ծառայությունը և հիշեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ պարեկային ծառայության թափուր հաստիքները պետք է համալրվեն կանանցով:
«Սա հնարավորություն է ծառայել պետությանը, հանրությանը, համայնքին, ընտանիքին: Եվ կարծել, թե անվտանգության ապահովումը կանանց հարիր աշխատանք չէ, կարծրատիպային խոսույթ է: Ցանկացած կին կարող է կատարել ցանկացած աշխատանք, և ոչ թե աշխատանքից է կախված, թե ինչպիսի կերպար կձևավորի կինը, այլ հենց կնոջից»,- ասել է Աննա Հակոբյանը:
«Հայաստանը պետք է թևակոխի երջանկության, ապահովության, անվտագության ժամանակաշրջան, որտեղ կանայք պարտավոր են լինել երջանիկ և կիսել երջանկությունը ընտանիքի, հարազատների, պետության հետ: Այս գործում շեշտը պետք է դնել կանանց վրա»,- մանրամասնել է Աննա Հակոբյանը:
«Եվ վստահաբար բոլորն են գիտակցում, թե ում և ինչի համար պետք է իրագործել այս ամենը: Բոլորս հասկանում ենք, թե ինչ են նշանակում Հայաստանի հիմնի վերջին տողերը և բոլորս պարտական ենք այն մարդկանց, որոնք հավատացել և անմահացել են հանուն այդ տողերի: Հանուն նրանց՝ մենք պարտավոր ենք գործել»,- ընդգծել է վարչապետի տիկինը: