08/04/2023 18:40
Մենք կյանքի ենք կոչվել մեծ առաքելության՝ հավիտենության համար․ Քրիստոս թող իր հարությամբ այս հույսն ամրապնդի մեր մեջ և այս զորությունը պարգևի մեզ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը քրիստոնեության համար ամենակարեւոր իրադարձություններից մեկն է։ Սուրբ Հարության օրը ոչ մի կերպ չի զիջում այն օրվան, երբ երկիրն արարվեց, որովհետև Տերն Իր հրաշափառ Հարությամբ նոր արարչագործություն կատարեց` ազատելով մարդկանց իրենց հին մեղքերից և տալով դեպի Աստված դարձի ճշմարիտ ու միակ ճանապարհը:
Տոնի խորհուրդի մասին այսօր խոսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Սուրբ Հարության պատմականության ժխտման բոլոր փորձերը դատապարտվել են ձախողման, բայց, այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ մահացածների մեջ կարող էր գտնվել մեկը, որը հարություն կառնի: Քրիստոսի Սուրբ Հարությամբ մենք եւս կարողանում ենք հարություն առնել: Այսօր բոլոր տեսակի ճգնաժամերից ամենակարեւորը նպատակի ճգնաժամն է, եւ դրա լուծման համար ամենառանցքային դերն ունի Սուրբ Հարությունը, որովհետեւ այն հստակեցնում է մեր նպատակը, բովանադակություն հաղորդում մեր կյանքին, վերափոխում մարդու արժեքները: Այս է մեր ուրախության բուն պատճառը, որովհետեւ մարդկությունն իր անմահության ձգտումներին բավարարում է ստանում, հույս է ստանում անմահություն ստանալու: Սա հեքիաթ չէ, այլ իրական պատում: Շատ դժվար կլինի մտածելը, որ մարդու կյանքը սահմանափակվում է ծնունդից մինչեւ մահ ընկած ժամանակահատվածով, որովհետեւ մենք կյանքի ենք կոչվել մեծ առաքելության՝ հավիտենության համար: Քրիստոս թող իր հարությամբ այս հույսն ամրապնդի մեր մեջ եւ այս զորությունը պարգեւի մեզ»,- նշել է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: