08/04/2023 10:28
«Ժողովուրդ». Պետական գերատեսչությունների կողմից մեկ անձից կատարված գնումների պրակտիկան շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական գերատեսչությունների կողմից մեկ անձից կատարված գնումների պրակտիկան շարունակվում է. սա՝ այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները մինչ ընտրվելը բուռն կերպով քննադատում էին նախկիններին հենց այս հանգամանքի համար: Ակտիվությամբ աչքի են ընկնում նաև վարչապետի աշխատակազմը, նախարարությունները, Ազգային ժողովը: Մեկ անձից կատարվող գնումների առյուծի բաժինը ընկնում է միջոցառումների կազմակերպմանը, հյուրասիրությանը: Խոսքն այս դեպքում միջազգային պատվիրակությունների՝ Հայաստան այցի ժամանակ կազմակերպվելիք հյուրասիրությունների մասին է, որոնք հենց մեկ անձից գնումների սկզբունքով են արվում: Ընդ որում՝ կան արդեն գերատեսչությունների կողմից սիրելի համարվող վայրեր, օրինակ՝ Ազգային ժողովի պարագայում դա «Երևան» պանդոկն է: Այս իշխանությունների օրոք պետական անձից գնումներ կատարելու պրակտիկան լայն թափով շարունակվում է:
Հաշվարկելով մինչև այժմ տարբեր գերատեսչությունների կողմից կատարված գնումների արժեքը՝ ստացվում է 120 մլրդ դրամից ավելի գումար, և տարվա սկզբից անցել է ընդամենը երեք ամսից մի փոքր ժամանակ: Հիշեցնենք, որ «Երևան պանդոկը» պատկանում է «Երեմյան եղբայրներ» ՍՊԸ-ին, և նկատենք, որ այն սկսեց սիրելի վայր դառնալ պաշտոնյաների համար հենց հեղափոխությունից հետո, հատկապես՝ վերջին մեկ տարում»։