08/04/2023 10:17
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը ներեց Սեդա Սաֆարյանի օրինախախտումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 10-ին լրանում է երեք ամիսը, սակայն այդպես էլ Սահմանադրական դատարանի դատավորները տեղից չշարժվեցին: Խոսքը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործի մասին է: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հունվարի 10-ից սկսել էին հաշվարկն, ու հենց այդ օրվանից իրենք ունեն երեք ամիս ժամանակ՝ դիմում ներկայացնելու Սեդա Սաֆարյանի գործողության մասով: Եվ, ահա, 2 օրից կլրանա երեք ամիսը, սակայն մինչ օրս ՍԴ որևէ դատավոր Սեդա Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով դիմում չի ներկայացրել Սահմանադրական դատարանի նախագահին:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շրջանառության մեջ դրեցին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը, սակայն այն մերժվեց: Որպես Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում էր, որ վերջինս, խախտելով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ձեռնարկատիրությամբ է զբաղվել: Ազգային ժողովը մերժեց, իսկ ՍԴ-ն էլ ոչ մի գործընթաց այդպես էլ չսկսեց:
Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը դատավորի կարգավիճակում փաստաբանությամբ էր զբաղվել, ինչն արգելված է օրենքով, բայց Նիկոլ Փաշինյանը ներեց նրա օրինախախտումը»։