08/04/2023 09:46
«Հրապարակ». ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական, ինչպես նաև անվտանգային հարցեր
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է վերականգնել կուսակցական արարողակարգերից մեկը՝ ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստերը։ Դրանով փորձում է կոտրել այն կարծրատիպը, թե գործ ունենք միապետական համակարգի հետ՝ որոշումներ կայացնողը մեկ մարդ է։
Նախօրեին ՔՊ գրասենյակում Նախաձեռնող խմբի նիստ է հրավիրվել, որին մասնակցել են ՔՊ-ականներ՝ նախկին և ներկա պատգամավորներից մինչև նախարարներ, խորհրդականներ, քաղաքապետեր։ Նախաձեռնող խումբը կուսակցության, այսպես կոչված, ակտիվն է։ ՔՊ-ից մեզ ասացին, որ մինչև պատերազմը Խմբի կանոնավոր նիստեր էին հրավիրում, ամիսը առնվազն 1-2 անգամ, որտեղ տարբեր հարցեր էին քննարկում՝ ներկուսակցական խնդիրներից մինչև արտաքին մարտահրավերներ։
Նիստից առաջ տեղեկացվում է օրակարգի մասին, կուսակիցներն իրենց տեսակետն են հայտնում, և մեծամասնության կարծիքը, որպես կանոն, ազդում է վարչության որոշումների վրա։ Սակայն պատերազմից հետո այս ավանդույթը խախտվել է՝ ընդամենը 1-2 նիստ են արել։ Հիմա որոշել են վերականգնել հին ավանդույթը։ Նշենք, որ ապրիլի 6-ի նիստից հետո ՔՊ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական, ինչպես նաև անվտանգային հարցեր»։