10/04/2023 20:29
Դաստակի ցավի առաջացման պատճառները
Դաստակի ցավը հաճախ առաջանում է գերձգման կամ պատահական վնասվածքի ու կոտրվածքի պատճառով:
Սակայն դաստակի ցավը կարող է կապված լինել նաև ոչ թե վնասվածքի, այլ երկարաժամկետ առողջական խնդիրների հետ, օրինակ՝ կրկնվող գերլարում, արթրիտ (հոդաբորբ) կամ կարպալ թունելի համախտանիշ:
Բազմաթիվ գործոններ կարող են առաջացնել դաստակի ցավ, ուստի ճշգրիտ պատճառը կարող է դժվարությամբ ախտորոշվել: Այնուամենայնիվ, ճիշտ ախտորոշումը վճռորոշ նշանակություն ունի պատշաճ բուժման համար:
Կախված պատճառից, դաստակի ցավը կարող է լինել տարբեր. Օրինակ, օստեոարթրիտի ցավը հաճախ բնութագրվում է որպես բութ ատամնացավին նմանվող, մինչդեռ կարպալ թունելի համախտանիշը սովորաբար առաջացնում է ծակոցներ կամ թմրածություն, հատկապես գիշերային ժամերին:
Դաստակի ցավի հստակ տեղորոշումը նույնպես օգնում է հասկանալու առաջացման պատճառը:
Դաստակի ցավի ոչ բոլոր դրվագներն են պահանջում բժշկական օգնություն: Թեթև ձգումներից կամ անհաջող շարժումներից առաջացած մեղմ ցավերը սովորաբար թուլանում կամ վերանում են տեղային սառեցնող միջոցներով (օրինակ՝ սառցեպարկ), ձեռքին և դաստակին հանգիստ տալով կամ սովորական ցավազրկողներով:
Սակայն, եթե ցավը պահպանվում է մի քանի օր կամ գնալով ուժգնանում է, անհրաժեշտ է այցելել բժշկի: Ուշացած ախտորոշումը և բուժումը կարող են բերել ոչ լիարժեք ապաքինման, շարժումների սահմանափակման և երկարատև հաշմանդամության:
Դաստակի ցավը կարող է ի հայտ գալ ցանկացած մարդու մոտ՝ անկախ այն փաստից՝ վերջինս նստակյաց, թե ակտիվ առօրյա է վարում:
Ռիսկի գործոնն առավել բարձր է հետևյալ պայմանների առկայության ժամանակ՝
Մարզական գործունեություն. դաստակի վնասվածքները տարածված են տարբեր մարզաձևերով զբաղվող մարդկանց շրջանում, ում մոտ առկա է դաստակի վրա ուժեղ ազդեցություն կամ կրկնվող լարվածություն: Մարդկանց այս խումբը ներառում է՝ ֆուտբոլիստներ, թենիսիստներ, մարմնամարզիկներ, գոլֆ խաղացողներ և այլն:
Կրկնվող աշխատանք. գրեթե բոլոր տեսակի գործերը, որոնցում ներառված են ձեռքերը և դաստակները, նույնիսկ մկրատով աշխատելը, եթե կատարվում են ուժով և բավականին հաճախ, կարող են առաջացնել դաստակային ցավեր:
Որոշ հիվանդություններ և վիճակներ. հղիությունը, շաքարային դիաբետը, գիրությունը, ռևմատոիդ արթրիտը և պոդագրան կարող են բարձրացնել կարպալ թունելի համախտանիշի զարգացման ռիսկը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։