10/04/2023 14:30
Հակաահաբեկչական պայքարը կարող է համագործակցության կարևոր ուղղություն լինել Հայաստանի և Իրանի համար. ԱԱԾ նախկին տնօրեն
Հայաստանն ու Իրանը համագործակցության անսպառ հնարավորություններ ունեն, իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Հազարամյակներ շարունակ մեր երկու ժողովուրդներն ապրել են կողք կողքի, հարևանություն և եղբայրություն արել միմյանց հետ։ Այս ավանդույթները պետք է շարունակել։
Հայաստանն ու Իրանը կանգնած են ընդհանուր մարտահրավերների առջև։ Վստահ եմ՝ մեր երկրների համագործակցությունը պետք է ուղղված լինի առաջին հերթին այդ մարտահրավերների հաղթահարմանն ու բարեկեցիկ և անվտանգ ապագայի ստեղծմանը։ Այսպես, հայտնի է, որ 2020թ. Ադրբեջանը դիմել էր տարբեր ահաբեկչական կազմակերպությունների օգնությանը և օգտագործել նրանց ուժերն Արցախի դեմ պատերազմում։ Ահաբեկչությունը սպառնալիք է ողջ աշխարհի, այդ թվում Իրանի, իսկ հիմա արդեն նաև Հայաստանի համար։ Կարծում եմ՝ հակաահաբեկչական պայքարը կարող է համագործակցության կարևոր ուղղություն լինել մեր երկրների համար։ Պետք է զարկ տալ նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը։ Որպես դրա լավ սկիզբ՝ կարելի է դիտարկել փոխադարձ կրթական ծրագրերի իրականացումն ու համատեղ զորավարժությունները»,- ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Ըստ Վանեցյանի՝ համագործակցության լավ ուղղություն է նաև հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու ակտիվացումը։
«ՀՀ Սյունիքի մարզը մեր տարածաշրջանի կարևորագույն տնտեսական և կոմունիկացիոն հանգույցներից մեկի վերածվելու մեծ պոտենցիալ ունի։ Իմ խորին համոզամբ, Սյունիքում իրանական ներդրումները, համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոչ միայն հեռանկարային ուղղություն է, այլև լուծում է չափազանց կարևոր աշխարհաքաղաքական և անվտանգային խնդիրներ։ Վստահ եմ՝ Սյունիքում հայ-իրանական համագործակցության ակտիվացումը զսպող լուրջ գործոն կլինի բոլոր նրանց համար, ովքեր տարածաշրջանում առաջնորդվում են ոչ թե խաղաղության, այլ արկածախնդրության և նույնիսկ՝ նվաճողականության սկզբունքներով»,- հավելել է Արթուր Վանեցյանը։