10/04/2023 14:17
Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական առանցքի կայանալու պարագայում մեր հակառակորդները կհասկանան, որ Հարավային Կովկասը հուսալիորեն պաշտպանված է. Արթուր Վանեցյան
Տարածաշրջանում առկա խնդիրները բանակցություններով լուծելու մասին հայտարարություններով իրանական կողմը փորձում է ապահովագրել Հայաստանի սուվերեն տարածքը թուրքական ներխուժումից, իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Մենք գնահատում ենք եղբայրական Իրանի այս ձգտումը։ Հայաստանի համար դա իսկապես չափազանց կարևոր է։ Խնդիրը, սակայն, նրանում է, որ, ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, մենք գործ ունենք ոչ միայն ագրեսիվ, այլև օտարների ազդեցությամբ գործող երկրների հետ։ Ավելին ասեմ՝ Բաքվի և Անկարայի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Իրանի և Ռուսաստանի դեմ։ Սա ավելի գլոբալ հակամարտություն է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Դա է պատճառը, որ բացի վերոնշյալ հայտարարություններից ու կոչերից, Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև շարունակ զորավարժություններ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին հարող տարածքներում, ուժ ցուցադրում»,- ասել է նա։
Վանեցյանի խոսքով՝ Հայաստանն ու Իրանը այսօր գտնվում են միևնույն սպառնալիքների առջև։ Այդ մարտահրավերներին մեր երկու երկրները կարող են արդյունավետ արձագանքել միայն այն դեպքում, եթե անվտանգային հարցերում ավելի սերտ համագործակցություն լինի։
«Վստահ եմ՝ եթե Հայաստանն ու Իրանը ժամանակին ավելի մեծ ուշադրություն դարձնեին անվտանգության ոլորտում համագործակցությանը և փոխհարաբերությունների ավելի վստահելի մթնոլորտ ստեղծեին, ապա այսօր մեր տարածաշրջանում նման վիճակ չէր ստեղծվի։
Իհարկե, չափազանց կարևոր է նաև համագործակցությունը Հայաստանի դաշնակից Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական առանցքը պարտադիր պետք է կայանա։ Միայն այդ պարագայում մեր ընդհանուր հակառակորդները կհասկանան, որ Հարավային Կովկասը հուսալիորեն պաշտպանված է և որ այստեղ իրենք անելիք չունեն»,- ընդգծել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։