10/04/2023 15:05
Կյանքից հեռացել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Բենջամին Ֆերենցը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սգում է խաղաղության հայտնի ակտիվիստ եւ իրավապաշտպան Բենջամին Ֆերենցի մահը, որն «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին էր միացել 2019 թվականին՝ որպես պատվավոր համանախագահ:
«Ռումինական ծագումով ամերիկացի հայտնի իրավաբանը, որը երկար տարիներ պայքարել էր միջազգային իրավունքի գերակայության հաստատման համար, դարձավ նաեւ «Ավրորա» մրցանակի դեսպանն աշխարհում, ու նրա բացակայությունը խիստ նկատելի կլինի «Ավրորայի» համայնքում:
Նա վերջինն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները քննողներից, որը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում հանդես էր գալիս որպես ԱՄՆ զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազ: Բենջամին Ֆերենցն իր ամբողջ կյանքը նվիրեց մարդու իրավունքների եւ համընդհանուր խաղաղության համար պայքարին՝ միջազգային իրավունքի գերակայության հաստատումը դարձնելով իր առաքելությունը:
Իր ողջ գործունեության ընթացքում նա պաշտպանել է մարդկային արժանապատվությունն ու մարդկայնությունն՝ ընդդեմ հալածանքների եւ ցեղասպանության: Մարդկության դեմ հանցագործության զոհերի համար արդարություն հաստատելու նրա համառ ջանքերը հավերժ կմնան մարդկության հիշողության մեջ: Նաեւ նրա շնորհիվ է աշխարհը բարեփոխվել, ու նրա բացակայությունը կզգան ամենուրեք, բայց Բենջամին Ֆերենցի հիշատակն ու ժառանգությունը վառ կմնա հավետ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Բենջամին Ֆերենցի ընտանիքին»,- ասված է IDeA հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: