10/04/2023 16:37
«Ուսանողական» այգու տարածքը իրավական նորմերին հակառակ օտարվել է. նախաձեռնվել է վարույթ
Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Տերյան 76 հասցեում տեղակայված անշարժ գույքի («Յանս» երաժշտական ակումբ և ռեստորան) կադաստրային գործը:
«Պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հունվարի 14-ի որոշմամբ՝ ուսանողական այգու՝ Տերյան 76 հասցեին հարող տարածքում, «Արմեն» ՍՊ ընկերությանը հատկացվել է 1248.0 քմ մակերեսով հողատարածք. 2003 թվականի մարտի 10-ին կնքվել է զբոսայգիներում և պուրակներում հողատարածքի վարձակալության պայմանագիր:
Երևանի քաղաքապետի 2015 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ՝ նշված հասցեում «Արմեն» ՍՊ ընկերությանը տրամադրված 1248.0 քմ մակերեսով հողամասից 626.22 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով՝ 24 մլն 422 հազար 580 դրամով, օտարվել է վերը նշված ընկերությանը։
Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2007 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ հաստատված՝ «Կենտրոն» թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողատարածքը, ըստ գոտիավորման նախագծի, գտնվում է ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտում։
Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, ունենալով Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջները պարտադիր իրագործելու ու ապահովելու, համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը վերը նշված երկու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով կազմակերպելու պարտավորություն, առերևույթ խախտել են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը), «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.1-րդ հոդվածի, 14.3-րդ հոդվածի 17-րդ և 31-րդ մասերի, «Երևանի գլխավոր հատակագծի իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի որոշման, «Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» Կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման և Երևանի քաղաքապետի 2007 թվականի նոյեմբերի 28-ի որոշման պահանջները:
Վերոշարադրյալից բացի այդ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով՝ մասնավորեցման ոչ ենթակա համայնքային սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման «Ուսանողական» այգու տարածքից, Կառավարության կողմից անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցված 626.22 քմ մակերեսով հողատարածքը, գոտիավորմամբ հողամասերի նպատակային և գործառնական նշանակության նորմերին հակառակ, օտարվել են «Արմեն» ՍՊ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ Երևան քաղաքի դատախազի տեղակալի կողմից 2023 թվականի ապրիլի 3-ին առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ (պաշտոնեական կեղծիքը) հոդվածների 1-ին մասերին»,- նշվում է դատախազության հաղորդագրությունում։