10/04/2023 20:04
Իսրայելն Ուկրաինային զենք կարող է մատակարարել «թուրքական մոդելով»՝ խաղաղություն քարոզելով․ CNN-ը մանրամասներ է հայտնում Պենտագոնի գաղտնազերծված փաստաթղթերից
Համացանցում հայտնված Պենտագոնի և ԱՄՆ հետախուզության գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ Իսրայելը մահաբեր զենք կմատակարարի Կիևին։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ ըստ փաստաթղթերում նկարագրված սցենարի, Իսրայելի կողմից Ուկրաինային զենք կարող է մատակարարվել ինչպես Ռուսաստանի հետ Իսրայելի հարաբերությունների վատթարացման, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից Իսրայելի նկատմամբ ճնշման արդյունքում։
Փետրվարի 28-ին թվագրված փաստաթղթի համաձայն, Իսրայելն Ուկրաինային զենք կարող է մատակարարել «թուրքական մոդելով»․ Կիևին կարող է զենք վաճառել կամ տրամադրել երրորդ կազմակերպությունների միջոցով՝ զուգահեռաբար հրապարակավ քարոզելով խաղաղություն, հանդես գալով խաղաղություն հաստատելու օգտին և առաջարկելով հակամարտության խաղաղ կարգավորման գործում իր միջնորդական ջանքերը։
Արտահոսքի արդյունքում համացանցում հայտնված փաստաթղթում մեկ այլ սցենար էլ է շրջանառվում, ըստ որի Մոսկվայի կողմից Իրանին ու Սիրիային ցուցաբերվող աջակցությունը կարող է դրդել Իսրայելին՝ մահաբեր զենք մատակարարել Ուկրաինային։
Նշենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել՝ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի և դրանք համացանցում հայտնվելու կապակցությամբ: Հաղորդվում է, որ բաց հարթակներում հայտնված Պենտագոնի փաստաթղթերը մանրամասն տվյալներ են պարունակում Կիևին ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ցուցաբերվող ռազմական օգնության, դրա ծավալի, մատակարարումներիի ընթացքի, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության, միջազգային կարևոր այլ խնդիրների մասին, այդ թվում՝ այլ երկրների ու տարածաշրջանների նկատմամբ ամերիկյան քաղաքականության, ԱՄՆ ազգային անվտանգության պաշտպանության գործում նախատեսվող քայլերի ու ծրագրերի մասին։
Փաստաթղթերը, որոնք հրապարակվել են սոցցանցերում, ռազմական օգնության մասին մանրամասն տվյալներից բացի, մասնագիտական գնահատականներ ու տվյալներ են պարունակում նաև ուկրաինական բանակի, ինչպես նաև վերլուծություններ ու գնահատականներ Չինաստանում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և այլ երկրներում զարգացումների մասին։ Փետրվարի 23-ից մարտի 1-ը թվագրվող այս փաստաթղթերի մի մասը նախատեսված է եղել ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի, մի շարք այլ զինվորականների ու ռազմական փորձագետների համար։
Ինտերնետում հայտնված այս գաղտնի փաստաթղթերը, որոնք նախատեսված չեն եղել հրապարակման համար, ըստ որոշ գնահատականների, կարող են հարված հասցնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, քանի որ դրանք ի սկզբանե անգամ ԱՄՆ-ի դաշնակիցների համար են անհասանելի եղել։