10/04/2023 18:20
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատուժ ներգրավելուն, այլև երկրի անվտանգությունը չխաթարելուն․ ՌԴ ՔԿ նախագահ
ՌԴ Քննչական կոմիտեի առաջնահերթություններն են օտարերկրացիների և կազմակերպված հանցավոր էթնիկ խմբերի կողմից հանցագործությունների դեմ պայքարը, ինչպես նաև ծայրահեղական և ահաբեկչական հանցագործությունների կանխարգելումը, «Ինտեֆաքս»-ին ասել է ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բատրիկինը՝ հավելելով, որ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության ուղղվածությունը, աշխատանքային ներուժ ու ռեսուրսներ ներգրավելուն զուգահեռ, պետք է միտված լինի նաև երկրի անվտանգությունը չխաթարելուն։
«Միգրացիոն գործընթացները ժամանակակից աշխարհի շատ երկրների առանցքային խնդիրներից են և հանդիսանում են սոցիալական լարվածության, ինչպես նաև էթնիկ ու կրոնական հողի վրա կոնֆլիկտների ծագման հիմնական պատճառներից ու գործոններից մեկը»,- ասել է նա։
ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ մեծ է նաև հավանականությունը, որ միգրանտների անվան ներքո ահաբեկչական խմբավորումների անդամներ մուտք գործեն երկիր։
«Սրանով պայմանավորված՝ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ միայն աշխատանքային ներուժ ներգրավելուն և աշխատանքային ռեսուրսներ ձեռք բերելուն, այլև երկրի հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման խնդիրների լուծմանը»,- ասել է Բաստրիկինը։