10/04/2023 16:18
Կվերականգնվի անվճար երթևեկությունը դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ
ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջարկով որոշում է կայացվել վերականգնել անվճար երթևեկությունը դեպի դարավոր ուխտավայրեր հանդիսացող Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ: Այդ մասին տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր 120 օր է, ինչ Արցախը լիակատար շրջափակման պայմաններում մաքառում է իր արժանապատիվ գոյության համար՝ ի հեճուկս աշխարհի անտարբեր լռության և ոչինչ չասող հայտարարությունների: Մեզ պարտադրվող այդ իրականությունը շարունակաբար հիասթափեցնում, բայց և ավելի ամուր է դարձնում մեր հերոս ժողովրդին:
Ստեղծված իրավիճակի շուրջ պարբերաբար զրույցներ եմ ունենում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Իսկ երեկ մեր ունեցած զրույցի ընթացքում նրա առաջարկով որոշում կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի մեր դարավոր ուխտավայրեր հանդիսացող Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ: Դարձը մեր ազգային ավանդույթներին ու հոգևոր արժեքներին, նրանց նորովի վերարժևորումը ուժ և ամրություն կներարկեն մեզ՝ դիմակայելու այս ծանր փորձությանը ևս», - ֆեյսբուքյան էջում գրել է նախագահը։