10/04/2023 17:20
Էլեկտրոնային դեղատոմսի բացակայության դեպքում դեղատունը չի կարող վաճառել հակաբիոտիկ
Շուտով Երևանում, Գյումրիում և Վանաձորում պոլիկլինիկաները կաշխատեն առավոտյան 8:00-ից մինչև երեկոյան 19:00-ն, բայց սա չի նշանակում, որ փոփոխություն կլինի բուժաշխատողների աշխատաժամերում: Այդ մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով բարեփոխումները։
«Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը վստահեցնում է` բուժանձնակազմը գրաֆիկի ծանրաբեռնվածություն չի զգա, կաշխատեն հերթափոխով: Շաբաթական մեկ օր կլինի նաև նեղ մասնագետների հերթապահություն մինչև ժամը 19:00-ն:
Առաջիկա ամիսներին ամբողջությամբ կգործարկվի թվային դեղատոմսը: Այս պահին արդեն հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում էլեկտրոնային դեղատոմսով դուրս է գրվել 800.000 դեղ: Մոտ ժամանակներս միայն էլեկտրոնային դեղատոմսով կնշանակվեն բոլոր հակաբիոտիկները, դրա բացակայության դեպքում դեղատունը չի կարող վաճառել հակաբիոտիկ:
Ընթացիկ տարում կիրականացվի նաև էլեկտրոնային ամբուլատոր քարտի ներդրման պիլոտային ծրագիրը, կվերանորոգվի 10 մարզային պոլիկլինիկա և 20 գյուղական ամբուլատորիա», - նշված է հաղորդագրությունում։