10/04/2023 11:01
Թեհրան-Երևան-Մոսկվա եռակողմ ձևաչափը նշանակալի գործոն կլինի Հարավային Կովկասը թշնամական նկրտումներից պաշտպանելու առումով. Արթուր Վանեցյանի հարցազրույցը՝ իրանական «Շարղ»-ին
Իրանական «Շարղ» օրաթերթում լույս է տեսել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույց՝ վերնագրված «Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանն ուշադրություն է դարձրել հատկապես անվտանգային խնդիրներին՝ խոսելով Հայաստան-Իրան հարաբերություններին հենց անվտանգության ոլորտում նոր որակ հաղորդելուն միտված այնպիսի քայլերի մասին, ինչպիսիք են ռազմական գործակցությունը ռազմաուսումնական ծրագրերի և համատեղ զորավարժությունների իրականացման միջոցով, ինչպես նաև հակաահաբեկչական պայքարը։
«Նշվել է նաև, որ հայ և իրանցի ազգերի բարեկամական համակեցությունն ունի հազարամյակների պատմություն, և այդ ավանդույթն անսասան կերպով պետք է շարունակվի նաև այսօր՝ հատկապես, երբ մեր երկու ազգերն ու պետություններն առերսվում են միանման, իսկ հաճախ միևնույն մարտահրավերների հետ։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև Թեհրան-Երևան-Մոսկվա եռակողմ ձևաչափը գործնականում կայացնելուն, ինչը նշանակալի գործոն կլինի Հարավային Կովկասը թշնամական նկրտումներից պաշտպանելու առումով»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ոսկանյանը։