11/04/2023 11:00
Hexact-ը հնարավորություն է տալիս աշխարհի հայերին՝ ձեռք բերել բաժնետոմսեր, դառնալ ընկերության աճի մասնակից և կիսել հաջողությունները
Hexact-ը StartEngine-ում գործարկել է հանրային արշավ և դարձել հայ հիմնադիրներ ունեցող առաջին ընկերությունը, որը ներկայացվել է StartEngine հարթակում: Մարդիկ կարող են ձեռք բերել ընկերության բաժնետոմսերն առցանց և դառնալ ընկերության բաժնետեր։
Hexact-ի զարգացման տնօրեն Արմեն Ավագ Ավագյանի հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե ինչպես հնարավոր եղավ ներկայանալ միջազգային հեղինակավոր այդ հարթակում:
-Շուրջ 6 ամիս տևեց, մինչև սկսեցինք բաժնետոմս վաճառել։ Անցանք ֆինանսական և իրավական ստուգումներ, քանի որ StartEngine-ն ԱՄՆ-ի կողմից լիցենզավորված մարմին է։ Ուրախ եմ, որ անցանք դրա միջով՝ ոչ միայն նրա համար, որ կարողանում ենք բոլորին առաջարկել մեր բաժնետոմսերը, այլ որ կարողացել ենք անցնել, այլ կերպ ասած՝ «կնիք» ենք ստացել, որ մեր ընկերությունը թափանցիկ է։ Մենք էլ, որպես տնօրեններ, հիմա ավելի ինքնավստահ ենք ներդրողների հետ խոսելիս։
-Խնդրում եմ, մանրամասնեք, թե ովքեր կարող են դառնալ ներդրող, ի՞նչ է անհրաժեշտ բաժնետոմսեր ձեռք բերելու համար։
-Ներդրող կարող են դառնալ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Միակ սահմանափակումը, որ ունի StartEngine-ը, Կանադայի և Անգլիայի քաղաքացիների նկատմամբ է և, բնականաբար, այն երկրների, որոնք ԱՄՆ սանկցիաների ներքո են։ Կարևոր է, որ ԱՄՆ-ի, Հայաստանի և ԵՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են ներդրում անել։
-Ո՞րն է նվազագույն շեմը, որով կարելի է բաժնետոմսեր ձեռք բերել, և ո՞րն է լինելու ներդրողների շահը։
-1 բաժնետոմսն այս պահին 1.23 դոլար, նվազագույն ներդրումը՝ 250 դոլար է։ Բաժնետոմսը սեփականատեր դառնալու հնարավորություն է տալիս։ Ապագայում այդ բաժնետոմսը հնարավոր է վերավաճառել ավելի բարձր արժեքով և շահույթ ձևավորել։
Բաժնետոմսը նաև հետագայում շահաբաժնի իրավունք կտա, երբ դրանք լինեն։ Ինչպես նաև, բաժնետոմսը հնարավորություն է տալիս միանալու մեր ներդրողների խմբին. բաժնետերերը խորհրդատվական գործառույթ կունենան նաև մեր ղեկավար անձնակազմի համար։
-2022 թվականն ամփոփելով, ընկերությունը հայտարարել էր, որ իր եկամուտները կրկնապատկվել են։ Ո՞րն է 2023 թվականի թիրախը, ի՞նչ նոր ծրագրեր ունեք։
-Արդեն 3 տարի է, տարեցտարի կրկնապատկում ենք մեր հասույթը։ Նախորդ տարվա ընթացքում անցել ենք 1 մլն դոլարի շեմը։ Մենք գիտենք, թե որտեղ են մեր պոտենցիալ օգտատերերը, որոնք պատրաստ են մեզ գումար վճարել. մեզ մնում է հասնել նրանց և մեծացնել նրանց հասնելու խողավակները։ Մենք արդեն ապացուցեցինք, որ կարող ենք կրկնապատկել մեր շրջանառությունը, և այս ներդրումը մեզ կօգնի ավելի արագացնել աճի տեմպը:
-Նախորդ տարվա այս ժամանակահատվածում Hexact-ն ուներ շուրջ 50 հազար օգտատեր՝ 160 երկրում։ Ինչպիսի՞ն են տվյալներն այս պահին։
-Արդեն 100 հազարից ավելի օգտատեր ունենք՝ 167 երկրում։ Օգտատերերի թիվն, իհարկե, ավելանում է, հաջորդ թիրախը 500 հազարն է։
-Ինչպե՞ս է ընթանում արշավը, որքա՞ն ներդրողներ են արդեն իրենց վստահությունը հայտնել ընկերությանը:
-113 նոր ներդրող ունենք այս պահին, որոնք ներդրել են 111 հազար դոլար։ Կարևոր է նշել, որ սա դառնում է մի հարթակ, որտեղ սփյուռքահայերը կարող են ներդրում անել, ստանալ բժնետոմս, դառնալ իրական բաժնետեր, միևնույն ժամանակ իմանալով, որ իրենց դրած կապիտալի մեծ մասը գալու է Հայաստան, ծախսվելու է Հայաստանում, այլ կերպ ասած՝ իրենց ներդրած 1000 դոլարը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ստանում։
Սա լավ հնարավորություն է սփյուռքահայերի համար, որոնք ցանկանում են ներդրում ունենալ հայկական ընկերություններում:
-Ի՞նչ նոր ծրագրեր ունեք։
-Անցած տարի 4 պրոդուկտ ունեինք, այս տարի արդեն 5-րդն ենք թողարկել։
Այն պահին, երբ նոր պրոդուկտը թողարկեցինք, ուղիղ մեկ շաբաթ անց արդեն 1000 վճարող հաճախորդի շեմն անցել էինք։ Ամեն նոր պրոդուկտով ավելի է արագացվում աճը։ Մենք միշտ ասում ենք, որ պրոդուկտը չենք ստեղծում օգտատերերի համար, այլ ստեղծում ենք օգտատերերի հետ՝ իրենց լսելով, հասկանալով։ Եվ վստահությունը փոխադարձ է։
Նույն կերպ ենք վերաբերվելու նաև մեր ներդրողներին, իրենց հետ միասին ենք զարգացնելու Hexact-ը, ոչ միայն իրենց համար։
«Hexact»-ի էկոհամակարգը 5 հիմնական պրոդուկտից է բաղկացած. Hexomatic-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար: Hexowatch-ը մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական, հասանելիության, կոդի կամ գների առցանց փոփոխությունները և ծանուցում այդ մասին: Hexospark-ը անհատականացնում է էլեկտրոնային նամակները, ավտոմատացնում հետագա քայլերը և նպաստում վաճառքների ավելացմանը։ Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը։ Hexofy-ը տվյալներ է վերցնում ցանկացած էջից: