11/04/2023 10:58
Անելու եմ առավելագույնը՝ ՄԻՊ ինստիտուտը քաղաքականացվածությունից լիակատար զերծ պահելու նպատակով. Անահիտ Մանասյան (Տեսանյութ)
ՄԻՊ-ի պաշտոնը քաղաքական չէ և վերջինիս ընտրության ու պաշտոնավարման ընթացքն էլ չեն կարող լինել այդպիսին, ԱԺ-ում հայտարարեց ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը: Նրա խոսքով՝ դա են պահանջում նաև օմբուդսմենին վերաբերելի բոլոր միջազգային չափանիշները։
«Մարդու իրավունքների պաշտպանը ընդդիմադիր կամ իշխանական քաղաքական գործիչ չէ, և ես իմ ամբողջ գործունեությունը և այդ ընթացքում իմ կողմից տարածվող ամբողջ խոսույթը տարածելու եմ հենց գաղափարը նկատի ունենալով։ Անելու եմ առավելագույնը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը քաղաքականացվածությունից լիակատար զերծ պահելու նպատակով», - նշեց Մանասյանը:
ՄԻՊ թեկնածուն պատրաստ է և ձգտելու է դառնալ կամուրջ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարհին՝ անմասն պահելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը որևէ տեսակի քաղաքական շահարկումներից։
«Իմ առաջնահերթ նպատակը նշված ոլորտում համարում եմ հանրային հանդուրժողականության մթնոլորտում մարդու արժանապատավության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պատշաճ մթնոլորտի ձևավորումը, բնականաբար, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը ունենալով», - ընդգծեց Մանասյանը: