11/04/2023 11:14
Պետք է բացառվի ցանկացած իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու արժանապատվությանը. ՄԻՊ թեկնածուն՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովը շարունակում է քննարկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը, որը նա դրսևորել է Կասկադում:
Մանասյանն ասաց, թե ինքը դեմ է ատելության խոսքին ու համերաշխության կողմնակից է:
«Ես իմ խոսքին շատ պատասխանատում եմ վերաբերվում, որևէ գործի վերաբերյալ չեմ խոսելու, եթե ծանոթ չեմ բոլոր հանգամանքներին: Իմ հիմնական արձանագրումն այն է, որ Հայաստանում պետք է բացառված լինի ատելության խոսքը, բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը ու ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին ու արժանապատվությանը: Իմ պատասխանն այսքանն է», - նշեց ՄԻՊ թեկնածուն:
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ «որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր»։
ԱԺ նախագահի պաշտոնանկության հարցը բարձրացվեց, երբ նրա մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ Կասկադում։ Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով Ալեն Սիմոնյանին, ասել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է բռնել քաղաքացու ձեռքերը։ Թիկնապահները կատարել են Ալեն Սիմոնյանի հրահանգը, իսկ վերջինս մոտեցել է քաղաքացուն, հայհոյանք հնչեցրել և թքել քաղաքացու վրա։
Միջադեպի մասին խոսել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»։
Միջադեպից օրեր անց Ալեն Սիմոնյանը ներողություն էր խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներից։
«Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:
Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ»,- ասել էր Սիմոնյանը: