11/04/2023 15:08
«Արծվիկ Մինասյանը և Գեղամ Նազարյանը ընդունել են Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը». Գլխավոր դատախազը միջնորդեց համաձայնություն տալ քրեական հետապնդում հարուցել պատգամավորի նկատմամբ (Տեսանյութ)
Ազգային ժողովում մեկնարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:
Ըստ դատախազության միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) նախագահ Վ.Վ.-ին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ:
«Մասնավորապես, նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ապա աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի, մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով», - ներկայացրեց դատախազը:
Նրա խոսքով՝ Մհեր Սահակյանը ներկաների նկատմամբ անհարգալից, իսկ իրավական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք է դրսևորել:
«Թեև վկաներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Նազարյանը ցուցմունքներով նշել են, որ Վլադիմիր Վարդանյանն ագրեսիվ ձևով քայլել է դեպի Մհեր Սահակյանը, սակայն միջադեպից հետո Վլադիմիր Վարդանյանի հետ զրույցում ընդունել են Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը ու վերջինիս պատժելու պատրաստակամություն են հայտնել», - ասաց Աննա Վարդապետյանը:
Նա միջնորդեց տալ համաձայնություն Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր տեղի ունեցել։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։
Մհեր Սահակյանին տարել էին ոստիկանություն, ապա՝ ձերբակալել, Վլադիմիր Վարդանյանին՝ հիվանդանոց, ապա՝ դուրս գրել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասել էր. «Բոլորի համար հանկարծակի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կանգնել է, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հարված է հասցրել գլխի հատվածում, բավականին ուժեղ հարված է հասցվել, որից հետո վազելով փախել է հանձնաժողովի սենյակից ու թաքնվել ԱԺ շենքում»։
Ավելի ուշ միջադեպի մասին խոսել էր նաև Վլադիմիր Վարդանյանը։
Ապրիլի 3-ին Մհեր Սահակյանն ազատ էր արձակվել։ Նա ասել էր, թե Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի նիստում դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չարաշահել է իր լիազորությունները «բռի կերպով»։