11/04/2023 13:12
Երեք խմբակցությունով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների իսկական պաշտպան. Գեղամ Նազարյան (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը մեղավոր է համարում երեք խմբակցություններին էլ, որ չեն կարողացել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փորձ ունեցող թեկնածուի գտնել:
Նազարյանը շեշտեց՝ ցանկանում է, որ ՄԻՊ-ը լինի ազատ, անկաշկանդ և չվարանի այս կամ այն երևույթի վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելուց:
«Երբ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջարկում է մի մարդու, ով այս պահին աշխատում է Գլխավոր դատախազությունում, ինձ մոտ արդեն մտավախություն առաջացավ, քանի որ դա, իրոք, կաշկանդող հանգամանք է», - նշեց Նազարյանը՝ ընդգծելով, որ սա ոչ թե Մանասյանի, այլ պետության, իրենց բոլորի խնդիրն է, որ չեն կարողացել գտնել մեկին, որը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել է տարիներ շարունակ՝ անկախ նրանից՝ կհավանե՞ն նրա գործունեությունը, թե՞ ոչ, կսիրե՞ն, թե՞ ոչ:
«Այս ձևով մենք ՄԻՊ կառույցը վերածում ենք Դատախազությանը կից կառույցի: Այսպես մենք հեռու չենք գնա: Այսպես ՄԻՊ ինստիտուտը չի կայանա», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նազարյանը լսել է՝ Մանասյանն իր ոլորտում շատ լավ մասնագետ է. «Հիմա պետությունը կորցնում է լավ մասնագետի, որը իր տեղում պետք է լիներ, իր տեղում աշխատեր, բայց, կրկնում եմ, սա Ձեր մեղավորությունը չէ, սա մեր բոլորի մեղավորությունն է, որ 3 խմբակցություններով չկարողացանք գտնել Մարդու իրավունքների իսկական պաշտպան», - հավելեց Գեղամ Նազարյանը: