11/04/2023 09:47
«Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է բացահայտումների շղթան կտրել և առայժմ բավարարվել փոխքաղաքապետով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը երեկ քննվել է Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն որոշում չի կայացվել։ Դատարանը բավարարել է մեղադրվող կողմի միջնորդությունը և նախապես նշանակած գրավոր քննությունը փոխել է բանավորի, ինչը նշանակում է, որ Գևորգ Սիմոնյանը ներկա է գտնվելու նիստին և հայտարարություններ է անելու: Գրավոր ընթացակարգի դեպքում մեղադրյալի մասնակցությունը պարտադիր չէ։
Հիշեցնենք՝ նա կալանավորվել էր մարտի 12-ին: Սիմոնյանը մեղադրվում է 2020-2022թթ. ընթացքում առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը չարաշահելու և քովիդի դեմ պայքարի համար նախատեսված միջոցների ծախսման նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու համար: Այս գործի թելերը տանում են դեպի առողջապահության ներկա և նախկին նախարարներ, քովիդի պարետ, սակայն Փաշինյանը հանձնարարել է բացահայտումների շղթան կտրել և առայժմ բավարարվել փոխքաղաքապետով»։