11/04/2023 14:51
Այս իշխանությունը տապալել է անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումները. հստակություն չկա, թե ադրբեջանցիները քանի հոգի են ու ինչ նպատակով են մտել Հայաստան. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ Հայաստանն անվտանգության խնդիր ունեցել է ոչ միայն արտաքին սահմանի առումով, այլև երկրի ներսում:
«Փաստացի, ադրբեջանցի զինծառայողների ներթափանցումը արդեն իսկ ցույց է տալիս, որ ոչ միայն արտաքին սահմանում է խնդիր, այլ նաև երկրի ներսում, ու այն մարմինները, որոնք պետք է ապահովեին ներքին անվտանգությունը ու նրանք, ովքեր երկրի ներսում պետք է կարողանային գործել, էֆեկտիվություն չեն դրսևորել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Աբրահամյանի խոսքով՝ այս իշխանությունը տապալել է անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարին զարմացնում և մտահոգում է ոչ միայն, որ ադրբեջանցի զինծառայողներն առանց խոչընդոտի ու անարգել կարողացել են մտնել ՀՀ տարածք ու խորացել սահմանից հեռու բնակավայրեր, այլև որ առ այս պահը չկա հստակ տեղեկություն, թե քանի հոգի են:
«Որևէ հստակություն չկա, թե իրականում քանի հոգանոց խմբի մասին է խոսքը և թե իրականում նրանք ինչ նպատակով են մուտք գործել ՀՀ տարածք, նպատակը հետախուզական տեղեկությունների ձեռքբերո՞ւմն է, ահաբեկչական գործողությունների կամ դիվերսիայի իրականացո՞ւմը, թե՞ որն է։ Բայց փաստ է, որ մի կողմից անցում է եղել Հայաստանի առաջնագծով և փաստ է, որ նրանք երեք օր ՀՀ բնակավայրերում են եղել», - ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։