11/04/2023 13:01
Ամանորյա զարդերի ապամոնտաժումից հետո Հանրապետության հրապարակի շենքերի վրայի բաց անցքերը փակվել են. Սուրեն Գրիգորյան
Երևանի ավագանու անդամ Սուրեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երևանի քաղաքապետարանն այսօր ամփոփեց 2023 թվականի ամանորյա լուսավորության ծրագրի իրականացման աշխատանքները։ Ծրագրի իրականացմանը մասնակցած անձինք միայն գիտեն, թե դրա իրականացման ճանապարհին ինչքան խոչընդոտներ են հաղթահարվել և, ի վերջո, թույլ տվեք ասել, ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։ Այս գնահատականը տալու առաջին հիմքը շատ երևանցիների արձագանքն է, որն անձամբ եմ լսել զարդերի փորձարկումներից սկսած և տոնական օրերի ընթացքում։
Գլխավորապես մեր երեխաների խինդը և լավ տրամադրությունն ապահովելուն թեկուզ փոքր մասնակցություն ունենալու գիտակցումը մեծ բավականություն է պատճառում, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին, ցավոք, տխրելու և արտասվելու շատ առիթներ ենք ունեցել։ Գիտեք, որ ծրագրի իրականացումը որոշ հայրենակիցներ նաև քննադատեցին։ Քննադատության առիթները տարբեր էին, ոմանց պարզապես դուր չէր գալիս զարդարանքի ձևը, մյուսները տարակուսած էին այն հանգամանքից, որ զարդարման աշխատանքները կապակցվել էին որոշ շենքերի ներգործության հետ։ Վստահեցնում եմ, որ շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում նաև այս կարծիքներին և կարծում եմ, որ հետագայում ավելի պատշաճ պետք է կազմակերպենք նախնական հանրային իրազեկման աշխատանքները։ Առիթն օգտագործելով ուզում եմ հայտնել նաև, որ ամանորյա զարդերի ապամոնտաժումից հետո, մասնավորապես, Հանրապետության Հրապարակի շենքերի վրայի բաց անցքերը փակվել են, ինչը ի սկզբանե նախատեսված էր կապալառու կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի կնքած պայմանագրով։