11/04/2023 18:09
Արթուր Հովհաննիսյանի գործողություններն ունեին առավել բարձր հանրային վտանգավորություն, սակայն քրեական վարույթ չի նախաձեռնվել, իսկ Նարեկ Սամսոնյանի դեպքում շտապել են մեղադրանք ներկայացնել․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրելու կապակցությամբ գրել է․
«Ըստ ՀՀ ՔԿ պաշտոնական հաղորդագրության՝ սույն թվականի ապրիլի 10-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։
Ուշադիր հետևում եմ տեղի ունեցող զարգացումներին՝ ըստ անհրաժեշտության համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով կդիմեմ քրեական հետապնդում իրականացնող մարմնին, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին:
Ինչու՞, որովհետև ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին պաշտոնատար անձի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից հնչեցված անթույլատրելի և, ըստ էության, հակաիրավական բնույթի գործողությունները թերևս ունեին առավել բարձր հանրային վտանգավորություն, սակայն գործնականում փաստացիորեն դեռևս դեպքի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել, իսկ վերոնշյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը ջանասիրաբար շտապել է մեղադրանք ներկայացնել։
Կարևորելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրված յուրաքանչյուր անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը և ընդունելով, որ խոսքի ազատությունը սահմանափակման ենթակա իրավունք է՝ պատրաստվում եմ միջազգային գործընկերներիս առջև բարձրաձայնել տեղի ունեցածը՝ ակնկալելով համաչափ արձագանք»։