11/04/2023 14:28
Մեկ հոգու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում. Սարգիս Խանդանյանը՝ չհայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մասին
Սա քաղաքական գնահատականի հարց չէ, ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատահում, որ ադրբեջանցիներն անարգել մուտք են գործում ՀՀ սուվերեն տարածք։
«Սա պետք է համապատասխան մարմինները պատասխանեն՝ պաշտպանության նախարարություն, ԱԱԾ։ Ես չեմ կարող կարծիքի ժանրում խոսք ասել այս դեպքերի հետ կապված», - ասաց Խանդանյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին ադրբեջանցի երկու զինծառայողներ էին հատել ՀՀ սահմանը։ ՊՆ-ն հայտնել էր, որ նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Լրագրողների հետ զրույցում այսօր էլ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե երկրորդ ադրբեջանցուն դեռևս չեն հայտնաբերել։
Հարցին, թե նրա՝ Հայաստանում գտնվելը ինչ ռիսկեր կարող է առաջացնել, Սարգիս Խանդանյանը պատասխանեց.
«Մեկ հոգու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում։ Պետք է հաշվի առնել տեղանքի ռելիեֆը և այլն, որոնողական աշխատանքները կարող է ինչ-որ բարդություններ ունեն»։