11/04/2023 12:12
Չինական կողմի հետ քննարկվել են ռոբոտաշինության, արհեստական բանականության ոլորտներում արդյունավետ համագործակցության հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ապրիլի 10-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների Չինաստանի տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի տնօրեն Ճոնյուան Ճաոյին և կենտրոնի միջազգային համագործակության վարչության պետ Յուլիա Բոգդանովային:
Գևորգ Մանթաշյանը ողջունել է պատվիրակության այցը ԲՏԱ նախարարություն և պատրաստակամություն հայտնել քննարկելու կենտրոնի հետ փոխգործակցություն սկսելու ուղիներն ու հեռանկարերը: Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ԲՏԱ նախարարության գործունեության ուղղությունները, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին:
Ճոնյուան Ճաոն իր հերթին ներկայացրել է կենտրոնի գործառույթները, հայտնել, որ այն պաշտոնական հարթակ է, որի նպատակն է ընդլայնել համագործակցությունը ՇՀԿ երկրների միջև գիտական, տեխնիկական, առևտրային, տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում: Այն նաև համատեղ գիտահետազոտական, միջազգային փոխանակման ծրագրերի իրականացման, նորարարական մրցույթների անցկացման, գիտական սարքավորումների համատեղ օգտագործման և այլ հնարավորություններ է ընձեռում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նյութագիտության, ռոբոտաշինության, կիսահաղորդիչների արտադրության, արհեստական բանականության ոլորտներում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև փոխայցեր կազմակերպելու հնարավորությունները:
ՇՀԿ-ի անդամ պետությունների տեխնոլոգիաների փոխանցման չինական կենտրոնը ստեղծվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ 2020 թվականին, ՇՀԿ քարտուղարության, գիտության և տեխնոլոգիաների նախարարության և ՉԺՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Կենտրոնը ներկայացուցչություններ ունի Շանհայում, Պեկինում, Ուհանում, Ցինդաոյում, Տաշքենդում, Մոսկվայում, Աստանայում: