11/04/2023 10:39
Իմ էմոցիոնալ արձագանքը եղել է հայ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքին ի պատասխան. թույլ չեմ տա 2018-ի հեղափոխությունն անվանել ադրբեջանա-թուրքական. Արթուր Հովհաննիսյան (Տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը բնորոշում է «շատ վատ»:
«Այո՛, իրականում պետք է չտրվել սադրանքներին, չտրվել էմոցիաներին, լինել զուսպ, հավասարակշիռ, բայց յուրաքանչյուր դրվագ պետք է չդիտարկել բացառապես նեղ պրիզմայով, այլ՝ թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ ու հետո և ինչ գործողությունների հաջորդականության մեջ է այդ ամենը տեղի ունեցել», - պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե ինչպես է գնահատում իր պահվածքն այդ նիստում՝ ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, թե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջադրել էին մի մարդու, ով «անվանարկել է ՀՀ ժողովրդին»:
«Նույն բանը կրկնել է հանձնաժողովի նիստին։ Ես կարող եմ ինձ թույլ տալ ենթադրել, որ այդ ամենը նախօրոք շատ գրագետ կամ մի քիչ ոչ գրագետ կազմակերպված գործընթաց էր, որը ղեկավարվում էր հանձնաժողովի նախագահի կողմից: Իմ էմոցիոնալ արձագանքը եղել է հայ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքին ի պատասխան», - ասաց ՔՊ-ականը:
Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե թույլ չի տա որևէ մեկին 2018 թվականի հեղափոխությունն անվանել ադրբեջանա-թուրքական: