11/04/2023 17:04
Սուսի, Աղավնոյի ու Բերձորի հանձնման հետևանքով է, որ հիմա Ադրբեջանը հնարավորություն ունի բլոկադայի մեջ դնել Արցախը. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարծում է, որ ԼՂ հարցով բանակցային գործընթացը հանրայնացնելու կարիք չկա. դա արել է Նիկոլ Փաշինյանը Կապանի ասուլիսի ժամանակ:
«Հստակ ներկայացրել է, թե ինչ բանակցային ժառանգություն է ստացել Փաշինյանն ու իր խումբը: Խնդրում եմ բացել ու նայել, թե ինչ երանելի ժառանագություն էր դա, էլ չեմ ասում, որ դրանից հետո համանախագահները հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով կոնֆիդենցիալ փաստաթղթերը չհրապարակել», - ԱԺ հայտարարությունների ժամին ասաց Մամիջանյանը:
Նա նշեց՝ ի թիվս հազարավոր այլ տարբերությունների՝ դա է նաև ՔՊ-ի ու իրենց տարբերությունը, որ իրենք հասկանում են՝ ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ:
«Հետո խոսել են ՌԴ ներկայացուցիչները՝ ասելով, որ Շուշին երբեք չի եղել բանակցային գործընթացի մեջ որպես քննարկվող փոխզիջում: Ցավով եմ ասում, որ Ադրբեջանի նախագահի հնչեցրած փաստերն եմ բերում ՀՀ ինֆորմացիոն դաշտ, բայց նաև Ալիևն է ասել, որ, ըստ այն ժամանակ բանակցվող փաթեթների, Քարվաճառը, Լաչինը երբեք չէին դառնալու ադրբեջանական, երբեք: Դրանից ավելի ի՞նչ հանրայնացնենք», - նշեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Հայկ Մամիջանյանը հիշեցրեց՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածության է եկել Ալիևի հետ՝ չստեղծել սահմանային լարում, որովհետև «ինքը ներքաղաքական խնդիրներ ունի»:
«Փառք Աստծո, էլի հայ զինվորի կյանք է փրկվել, բայց, փաստացի, մեր վրա Ալիևին են բերել», - նշեց նա:
Մամիջանյանը հիշեցրեց նաև Փաշինյանի բանավոր հրամանը, որը հակասում է նոյեմբերի 9-ի փաստաթղթում առկա պայմանավորվածություններին. Սյունիքից զորքերի հետքաքշման հրամանը:
«Եվ ամենացավալին ու կարևորը՝ Սուս, Աղավնո, Բերձոր. անցյալ տարվա ամռանը հանձնման գործընթաց, որը, ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության, պետք է տեղի ունենար շատ ավելի ուշ ու որի հետևանքով հիմա հնարավորություն ունի Ադրբեջանը բլոկադայի մեջ դնել Արցախը», - հայտարարեց Հայկ Մամիջանյանը: