11/04/2023 19:45
Այսօր Ադրբեջանն, ըստ էության, միակողմանի սահմանազատում է իրականացնում, վաղը նույնիսկ այդ «խաղաղության պայմանագիր» կոչեցյալի անհրաժեշտությունը չի լինելու այլևս․ Խոսրով Հարությունյան
Այսօր Ադրբեջանն, ըստ էության, միակողմանի իրականացնում է սահմանազատում, իր համար ընդունելի բոլոր ստրատեգիական բարձունքները վերցնում է։ Վաղը չէ, մյուս օրը նույնիսկ այդ «խաղաղության պայմանագիր» կոչեցյալի անհրաժեշտությունը չի լինելու այլևս, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Նա ընդգծեց՝ հայոց պետականության լինելությունն այսօր որոշվում է Արցախում, դա է այսօրվա իրողությունը, և համայն հայության պարտավորությունն է ոչ միայն սատարել Արցախին՝ դժվար այս օրերում, այլև սթափ դատել ու գիտակցել այն արհավիրքը, որի առջև բոլորն են հայտնվել՝ Արցախում, թե Հայաստանում։
«Արցախում բոլորն այսօր դիմանում են անմարդկային տառապանքներին՝ հանուն հայության, հանուն Հայաստանի լինելու, և սա՛ մենք պետք է գիտակցենք։ Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել։ Այսօր Հայաստանի Հանրապետության սահմանները գտնվում են պետության ու պետականության համար կործանարար սպառնալիքների տակ։ Անժխտելի սպառնալիքների տակ։ Գիտակցու՞մ ենք մենք այն արհավիրքը, որի առջև հայտնվել ենք, թե՞ ոչ, սա է խնդիրը»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
ՀՀ նախկին վարչապետն ընդգծեց՝ մենք բազում փորձություններով նրա համար չենք հասել 21-րդ դար, որ շրջենք պատմության էջը։
«Սա պետք է գիտակցի յուրաքանչյուրը, ով իրեն համարում է հայ»,- ասաց Խոսրով Հարությունյանը։