11/04/2023 15:32
Շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ բուժքույրն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan․com-ը։
Ժամը 09։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանը, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը, ծառայություն կատարելիս Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, նկատում են անվադողը կոտրված ավտոմեքենա։ Մոտենալով նշված ավտոմեքենային՝ տեսնում են, որ 1 հոգու ինքնազգացողությունը վատացել է։ Նրանք անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներով օգնություն են ցուցաբերում քաղաքացուն, ապա ահազանգում են «Արթիկ» բժշկական կենտրոն, որպեսզի ժամանի բժիշկների հերթապահ խումբը։ Ժամը 09։45-ին ժամանում է Արթիկի շտապբուժօգնության հերթապահ խումբը։
Արդեն ժամանելով նշված վայր, տեղում բախվում են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Արա Մովսիսյանի վարած HOVO մակնիշի բեռնատարն ու Արթիկ քաղաքի բնակիչ 69-ամյա Սամվել Բաղդասարյանի վարած Արթիկի շտապօգնության հաշվեկշռում հավշվառված Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ուղևորը, ով շտապօգնության հերթապահ բուժքույր, Արթիկի բնակիչ 44-ամյա Հայարփի Հակոբյանն է, օպերատիվորեն ժամանած մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով «գլխի գագաթային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվում է «Գյումրու» բժշկական կենտրոն։ Բժշիկները տեղում բուժօգնություն են ցուցաբերում նաև պարեկների կողմից առաջին բուժօգնություն ստացած քաղաքացուն։
Նախաձեռնվել է վարույթ։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության վարորդը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։