12/04/2023 17:47
Վերջին 10 օրում օրվա մեջ տասնյակ անգամ ՀՀ-ն ու Ադրբեջանը բանակցել են. ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որը բերել է անցանկալի հետևանքների. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)
Ապրիլմեկյան պայմանավորվածությունները չկատարելու ու մարտի 29-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈՒ տեղակայման արդյունքում որոշակի տեղակայման ճշգրտումներ են իրականացվում, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Բնականաբար, քանի որ որոշակի անճշտություններ կային, Հայաստանի ԶՈՒ-ն իր պարտականությունները կատարելու նպատակով նաև տեղակայվել է այդ տեղամասում ժամանակավորապես, մինչև խնդրի վերջնական ճշտումը: Այդ ճշգրտումների ընթացքում վերջին տասը օրում հաճախ են եղել դեպքեր, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե՛ հակառակ կողմը, թե՛ յուրային ուժերը միմյանց հետ բանակցել են, ճշտել են ու սրա բերումով է, որ ունեցանք հայտարարություններ, որ սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշտված են ու խնդիրներ չկան: Նմանապիպ մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման ու, ցավոք, անցանկալի հետևանքների», - ասաց Պապիկյանը՝ խոսելով երեկ Տեղ համայնքում տեղի ունեցած միջադեպի մասին:
Նա ասաց, թե այսօր ՀՀ սահմանի ողջ երկյանքով ՀՀ սահմաապահները մի հատվածում, մնացյալ հատվածում ՀՀ ԶՈՒ-ն տեղակայված են տարբեր տեղերում, նույն էլ հակառակ կողմում՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն:
«Խնդրո առարկա հանդիսացող հատվածի մասին արդեն հայտարարություն է եղել, պատճառները հայտնի են՝ ինչու այդ հատվածում տեղակայված չէին ուժեր ու ինչպես եղավ, որ մարտի 29-ին տեղի ունեցան հայտնի միջադեպերը, որի շարունակությունը սա է: Հիմնականում այդ հատվածն է, որ խնդրահարույց է, այն շարունակում է ճշգրտվել», - ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը: