12/04/2023 21:01
Ի՞նչ է ժամկետանց հղիությունը և ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել
Նորմայում հղիությունը տևում է մոտ 40 շաբաթ։ Բազմաթիվ կանայք ծննդաբերում են այս ժամկետից շուտ կամ ուշ ոչ ավելի, քան մոտ մեկ շաբաթվա ընթացքում: Սակայն որոշ կանանց հղիությունը կարող է դառնալ ժամկետանց, երբ հղիությունը հասել է իր ավարտին, սակայն ծննդաբերությունը չի սկսվում:
Եթե ծննդաբերությունը չի սկսվում հղիության 41-րդ շաբաթվա մեջ, ապա բժիշկ-մանկաբարձը կարող է առաջարկել միջոցներ, որպեսզի ստուգի, թե արդյո՞ք կարող է խթանել ծննդաբերության մեկնարկը: Այն ներառում է հեշտոցային զննում, որը գրգռում-խթանում է արգանդի պարանոցը, որպեսզի վերջինս արտադրի բնական ծննդաբերությանը նպաստող հորմոններ:
Եթե այս միջամտությունից հետո բնականոն ծննդաբերությունը չի սկսվում, բժիշկը կարող է առաջարկել մոտակա օրերին ինդուկցիա իրականացնել: Ծննդաբերության դրդման նպատակը ծննդաբերական գործունեության առաջացումն է, որի ժամանակ բժիշկ-մանկաբարձը նախաձեռնում է արտաքին ազդեցությունների համալիր` ուղղված արգանդի ակտիվացմանը և ծննդաբերական կծկանքների արհեստական առաջացմանը և պտղի ծնվելուն։
Սովորաբար հղիության 40-րդ շաբաթն անց լինելու դեպքում խորհուրդ է տրվում ծննդկանին տեղափոխվել հիվանդանոց և հատուկ հետազոտություններ անցնել՝ որոշելու ծննդալուծման մեթոդը։
Ծննդաբերության ինդուկցիան սովորաբար պլանավորված միջոցառում է, ուստի կարելի է ժամանակ գտնել և զրուցել բժշկի հետ դրա լավ ու վատ կողմերի` առավելությունների ու ռիսկերի, ինչպես նաև ցուցումների կամ հակացուցումների մասին:
Նման դեպքերում պտղի գերձայնային հետազոտությունը կարող է ցույց տալ, որ ընկերքն այլևս չի հասցնում երեխային մատակարարել այնքան թթվածին և սննդանյութեր, որքան անհրաժեշտ է: Նման իրավիճակում կրկին կարող է առաջարկվել ծննդաբերության ինդուկցիա կամ վիրահատական ծննդալուծում՝ կեսարյան հատում:
Ծննդալուծման դանդաղման դեպքում բարձրանում է մեռելածնության կամ ֆատալ բարդությունների հավանականությունը։
Իհարկե, սա բնավ չի նշանակում, որ 42 շաբաթականն անցած բոլոր հղիությունների ժամանակ այս ռիսկը կա: Ամեն ինչ կախված է երեխայի առողջական վիճակից, ուղեկցող հիվանդությունների կամ հղիության բարդությունների առկայությունից և մի շարք այլ գործոններից, որոնց վերաբերյալ բժիշկն ամենայն մանրամասնությամբ և պատասխանատվությամբ կտեղեկացնի ծննդկանին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։