12/04/2023 15:04
Ցանկացած զինծառայող, եթե տեսնում է, որ թշնամին մոտենում է, այլ բան չունի անելու, քան ոչնչացնել թշնամուն, բայց մենք տեսանք, որ այդ կանոնը չի պահվում. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ)
Սոթքում երեկ կրակոցները տևել են մոտ 15-20 րոպե, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ես տեղեկացա, որ Սոթքի հանքում աշխատակիցներին անմիջապես տարհանել են, որ հնարավոր վտանգները չեզոքացնեն, քանի որ եղել են անկանոն կրակոցներ», - ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ այսօր հարաբերական անդորր է. մեկ-երկու խուլ ձայներ են լսվել շատ հեռվում:
Ինչ վերաբերվում է Տեղ համայնքում տեղի ունեցածին՝ նա ասաց, թե լավ ազդակ չէ, երբ թշնամուն տեսնելուց հայ զինծառայողները նրանց չեն ոչնչացնում:
«Դասագրքային ճմշատություն գոյություն ունի՝ եթե ցանկացած զինծառայող տեսնում է, որ թշնամին մոտենում է, նա այլ բան չունի անելու, քան ոչնչացնել թշնամուն, բայց մենք տեսանք, որ երեկ այդ կանոնը չի պահվում, ես բացարձակ չէի ցանկանա, որ երեկվա տեսանյութը շրջանառվեր», - ընդգծեց պատգամավորը:
Թովմասյանն ասաց, թե ՀՀ զինված ուժերն ունեն մեկ քայլ անելու անհրաժեշտություն ու պարտականություն՝ երեկվանից ավելի հզոր լինել ու երեկվանից ավելի լավ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:
«Ոչ ոք, մեզնից բացի, մեր հողը չի պաշտպանելու: Մենք չենք կարող խաղաղություն գոռալով պաշտպանել մեր հողը. մենք գոռում ենք խաղաղություն, իրենք նվաճում են մեր հողը», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը: