12/04/2023 19:14
Իշխանության «բարդակի» հետևանքով մեր տղաները նահատակվեցին․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ընդգծում է՝ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքն ու դրա հետևանքով հայ զինծառայողների շրջանում նոր զոհերը գործող իշխանությունների մեղքով են։
«Այսօր ԱԺ-ում պաշտպանության փոխնախարարի, կիսահեռակա երկու քպ-ական պատգամավորների հետ բանավեճ էր ծավալել, որի ընթացքում ինձ փորձում էին համոզել, որ երեկ Տեղ գյուղում ծավալված միջադեպը կապված չէր այդ հատվածում տեղի ունեցած ու տապալված բանակցության հետ:
Ասում էին, որ ուղղակի միջադեպ է եղել ու հանգեցրել ծանր հետևանքների:
ԱԺ փոխխոսնակը նույնիսկ առաջարկում էր «ռազմական օպերացիաներ» ԱԺ-ում չքննարկել: Ի՞նչն էր նրանց բոլորին կապում` թեմայից կիլոմետրերով հեռու գտնվելով՝ արդարացումներ փնտրելու:
Այս ամենը, միգուցե, այսքանով ավարտվեր, եթե նույն խորհրդարանական ամբիոնից պաշտպանության նախարարը նույն միջադեպի վերաբերյալ չասեր, որ վերջին 10 օրերին Տեղ գյուղի ուղղությամբ մեր զինծառայողները սահմանային ճշտումների վերաբերյալ բազմաթիվ բանակցություններ են ունեցել և նմանատիպ մի իրավիճակ էլ` նկատի ունի բանակցությունների, երեկվա միջադեպին է հանգեցրել, որը բերել է «հրմշտոցի, բախման և ցավոք, անցանկալի հետևանքների»:
Իրականում արձանագրված ողբերգության մեջ առաջնայինն այն չէր, թե միջադեպից առաջ բանակցել ե՞ն կողմերը, թե՞ ոչ․ փաստ է, որ իշխանության բարդակի հետևանքով մեր տղաները նահատակվեցին:
Հավերժ փառք մեր նահատակված տղերքին և արագ ապաքինում վիրավոր զինծառայողներին»,- սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը: