12/04/2023 17:30
ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչել է հայկական կողմը. Փաշինյանը պնդում է՝ Մադրիդյան սկզբունքները թակարդ էին (Տեսանյութ)
Մինչև Մադրիդյան սկզբունքները՝ հայկական կողմերի դիրքորոշումը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես ԽՍՀՄ այլ սուբյեկտներ իրացնելով ինքնորոշման իրավունքը, որն արձանագրված է Ալմաթիի հռչակագրում, ստացել են անկախություն, այնպես էլ ԼՂ-ն այդ իրավունքը ստացել է, հետևաբար, ԼՂ-ն անկախացել է ԽՍՀՄ-ից», - նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ 2007-ին իշխանության տրանսֆորմացիայի կամ փոխանցման շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, այդ ժամանակ ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին և՛ տարածքային ամբողջականության, և՛ ինքնորոշման իրավունքի սկզբունքները:
«Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը ինչ-որ մի մեխանիզմով ու այդ մեխանիզմը, ըստ էության, պետք է համաձայնեցված լինի նաև Ադրբեջանի կողմից: Այստեղ շատ լրջագույն, կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել. եթե Մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմերի դիրքորոշումը եղել է այն, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել և հիմա էլ չէ, հետևաբար, հետագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է և չլինել, որովհետև ԼՂ-ն արդեն ինքնորոշվել է, Մադրիդյան սկզբունքներով արձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ: Ընդ որում, ըստ հավաստի տեղեկությունների, այդ սկզբունքների հեղինակը հենց հայկական կողմն է եղել», - ասաց Փաշինյանը:
Ըստ նրա ՝ այստեղ հարց է ծագում, որ եթե ԼՂ-ն չենք համարում Ադրբեջանի մաս, ինչու պետք է նրա կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ:
«Այս տրամաբանությունը, որ իրենք դրել են, թարգմանության դեպքում նշանակում է, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումի՞ց է ինքնորոշվում: Սա է այդ քաղաքականության իրական բովանդակությունը: Սա մեր մեծագույն բացթողումն է, որ մենք հենց 2018-ից այս ամենով հանդես չենք եկել ու մեր ժողովրդին չենք բացատրել», - ասաց Փաշինյանը:
Նա նաև ընդգծեց, որ ԼՂ-ին բանակցություններից դուրս թողնելուց հետո Հայաստանը գնացել, ասել է՝ «ես եկել եմ իրացնելու ԼՂ ինքնորոշման իրավունքը»:
«Բայց մի րոպե, դուք ո՞վ եք, հարգելի՛ բարեկամ: Ասում է՝ մենք Հայաստանն ենք: Բայց ինքնորոշումը նրա մասին է, որ ինքը պետք է լինի սեղանի շուջ, դա ուրիշի որոշում չէ, դա ինքնորոշում է: Հայաստանը եկել ասել է՝ եկել եմ ես, ԼՂ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելով, ԼՂ ինքնորոշման իրվունքը պաշտպանելու, ասել են՝ եթե դու ես խոսում, ուրեմն սա տարածքային վեճ է, տարածքային պահանջ է: Եվ դեֆորմացվել է ԼՂ հարցի ամբողջ էությունը: Եթե մինչև Մադրիդյան սկզբունքները, այն տեղը, որտեղից ԼՂ-ն ինքնորոշվել էր, Խորհրդային Միությունն էր, ապա Մադրիդյան սկզբունքներից հետո հայկական կողմի «հանճարեղ» դիվանագիտության արդյունքում այն տեղը, որտեղից ԼՂ-ն պետք է ինքնորոշվեր, դարձավ Ադրբեջանը: Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս: Մենք այդ արձանագրումից կարող ենք ծուլ-ծուլ լինել, բայց մենք այսօր դրա պտուղներն ենք քաղում: Շատ կարևոր է, որ այս ամենն ասվի: Մեր սխալն է, որ 2018-ի մայիսին սա չենք ասել: Մենք մտածել ենք, որ ինչ-որ ձևերով այս թակարդից կարող ենք դուրս գալ կամ գոնե մեր պարտքն է մեզնից կախվածն անել այդ թակարդից դուրս գալու համար: Բաց քանի որ թակարդը միջազգայնորեն համաձայնեցված էր, մենք դա չկարողացանք անել», - ընդգծեց Փաշինյանը: