12/04/2023 17:37
Հայաստանում հայտնված ադրբեջանցի զինծառայողը չի ուզում վերադառնալ Ադրբեջան, մենք չենք կարող նրան բռնի ձևերով վերադարձնել․ Փաշինյան
Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ Հայաստանի տարածքում են հայտնվել, քանի որ փախուստի են դիմել՝ համածառայակիցների կողմից նվաստացուցիչ վերաբերմունքի պատճառով։
«Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով, և ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։ Մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով՝ եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք չենք կարող նրան բռնի ձևերով վերադարձնել»,- ասաց Փաշինյանը։
Երկրորդ զինծառայողը, որին դեռ չեն հայտնաբերել, ըստ Փաշինյանի, ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։
«Ըստ մեր ունեցած տվյալների, երկրորդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, ինքը հենց սահմանը հատելուց շատ չանցած, հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ շատ են քննարկումները, թե ինչպես է ստացվել, որ ադրբեջանցի զինծառայողներն անարգել հատել են սահմանն ու հայտնվել ՀՀ տարածքում։
«Իհարկե, այդ հանգամանքը պետք է առանձին քննվի և պետք է ինչ-որ հետևություններ արվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։