12/04/2023 19:01
ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների պատվիրակությունները քննարկել են ՀՕՊ միասնական համակարգի կատարելագործմանը վերաբերող հարցեր
ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների պատվիրակությունները Սամարղանդում, ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության համակարգող կոմիտեի նիստում քննարկել են ՀՕՊ միասնական համակարգի կատարելագործմանը վերաբերող հարցեր, լրագրողներին հայտնել է համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։
«Հանդիպման օրակարգին համապատասխան՝ քննարկվել է 14 հարց՝ ՀՕՊ միասնական համակարգի կատարելագործման, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների միջև երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման վերաբերյալ»,- ասել է նա։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, Ռուսաստանի և Ուզբեկստանի ռազմարդյունաբերական համալիրի, ՀՕՊ խնդիրների ուսումնասիրության և զինվորական անձնակազմի պատրաստման ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպությունների ներկայացուցիչներ։