12/04/2023 21:49
Արկտիկայում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնումը կհանգեցնի ռազմական լարվածության աճի․ ՌԴ ԱԳՆ
Արկտիկայի տարածաշրջանում Ռուսաստանի բոլոր հարևանները, ամենայն հավանականությամբ, կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, Արկտիկայում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայության ընդլայնումը կհանգեցնի ռազմաքաղաքական լարվածության աճի և միջազգային անվտանգության թուլացման, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Նիկոլայ Կորչունովը։
Դիվանագետը նշել է նաև, որ արտաքին քաղաքական իրավիճակը Արկտիկայի տարածաշրջանում փոխվել է, ինչը չէր կարող չարտացոլվել ՌԴ արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգում։
«Արկտիկայի տարածաշրջանում Ռուսաստանի հարևանները Արևմուտքի ոչ բարեկամ պետություններն են, նրանք բոլորն, ըստ ամենայնի, կանդամակցեն ՆԱՏՕ-ին, իսկ դաշինքի «ներխուժումը» Արկտիկա կհանգեցնի ռազմաքաղաքական լարվածության աճի, միջազգային անվտանգության խարխլման, քանի որ շատ երկրներ, այդ թվում՝ Արկտիկական խորհրդի երկրները ստիպված կլինեն հետևել Բրյուսելի ցուցումներին»,- ասել է Կորչունովը։
Նշենք, որ ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է մարտի 31-ին։ Փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետամուտ է Արկտիկայում միջազգային խնդիրների խաղաղ լուծմանը և կհակադրվի տարածաշրջանի ռազմականացմանն ուղղված՝ ոչ բարեկամ պետությունների կուրսին։