12/04/2023 11:36
Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։
«Ցավով տեղեկացանք Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսված փոխհրաձգության մասին, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։
Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները։
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին՝ հայցելով Տիրոջ հովանին և զորակցությունը Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին։
Հայրենյաց պաշտպան մեր քաջարի զավակների սխրանքները միշտ արիությամբ կոգեշնչեն մեր ժողովրդին՝ աննկուն ոգով անառիկ ու անվտանգ պահելու տերունապարգև մեր հայրենիքը և մեր անկախ պետականությունը։
Թող հավետ օրհնությամբ ապրի արդարների հիշատակը», - ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցական խոսքում։