12/04/2023 19:25
«Սահմանային իրավիճակի լարվածության թուլացման վրա որոշակի ազդեցություն է ունենում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում»․ Խաչատուրյանը՝ Լիոնի քաղաքապետին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախագահը, մասնավորապես, ասել է. «Լիոնն այն քաղաքն է, որտեղ մենք ունենք շատ բարեկամներ, կա բավականին ներկայացուցչական և կազմակերպված հայկական համայնք: Դա չէր լինի, եթե, իհարկե, չլիներ Ֆրանսիայի և տեղական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը:
Համոզված եմ, որ մեր սերտ և բարեկամական հարաբերությունները, ակտիվ համագործակցությունը շարունակություն են ունենալու: Համոզված եմ նաև, որ ձեր այս այցելությունը նոր շունչ և ոգևորություն կտա մեր հարաբերություններին»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գրեգորի Դուսեն նշել է. «Այն դարավոր բարեկամական կապերը, որոնք մենք ունենք, մինչ օրս ուժի մեջ են և շարունակվում են: Մենք մեծ ցանկություն և պատրաստակամություն ունենք հնարավորինս աջակցել Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես ժամանակին արել են ֆրանսիացի բազմաթիվ մեծ գործիչներ: Հավաստիացնում եմ, որ իմ կարողությունների շրջանակում կանեմ ամեն հնարավորը Հայաստանին աջակցելու համար»:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանը: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեության անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում նախագահը մանրամասներ է հայտնել նախօրեին Հայաստանի տարածքում՝ Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքի վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորում ստացել 6 հայ զինծառայող: Հանրապետության նախագահը նշել է, որ նման սադրանքները պարբերական բնույթ են կրում և հղի են լայնածավալ ռազմական էսկալացիայի վերածվելու վտանգով: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածության թուլացման վրա որոշակի ազդեցություն է ունենում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում:
Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման սկզբունք և հավատարիմ է այդ դիրքորոշմանը: