12/04/2023 21:37
Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատացման համար Պեկինը պատասխանատվություն չի կրում․ Չինաստանի ԱԳՆ
Պեկինը պատասխանատու չէ Չինաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների վատթարացման համար, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով չինական օդապարիկի հետ կապված միջադեպից հետո երկու երկրների հարաբերությունների բացասական զարգացումները։
«Վաշինգտոնը պետք է դադարի միջամտել Չինաստանի ներքին գործերին, վնաս հասցնել Չինաստանի շահերին ու արգելակել Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացումը»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ հենց Միացյալ Նահանգները պետք է ընդառաջ գնա Չինաստանին, որպեսզի երկու երկրների հարաբերությունները նորմալ հունի վերադառնան։
Նշենք, որ ավելի վաղ Politico պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, որ Պեկինը տրամադրված չէ Վաշինգտոնի հետ դիվանագիտական խողովակներով շփումներ անցկացնել և ընդառաջ չի գնալու Չինաստան նոր այց կատարելու համար ժամկետներ նախանշելու մասին ԱՄՆ պետքարտուղարի առաջարկին։
Փետրվարին Բլինքենը հետաձգել էր իր այցը Չինաստան՝ ԱՄՆ մարցամաքային հատվածում չինական օդապարիկ հայտնաբերվելուց հետո․ ամերիկյան իշխանությունները մեծ աղմուկ էին բարձրացրել այդ կապակցությամբ՝ հայտարարելով, որ օդապարիկը գտնվել է այն բարձրության վրա, որն զգալիորեն գերազանցել է առևտրային օդային ճանապարհորդության ստանդարտ պարամետրերը։ Փետրվարի 4-ին այն խոցվել էր հրթիռով՝ ԱՄՆ օդային տարածքում։ ԱՄՆ-ն պնդում է, որ օդապարիկի միջոցով Չինաստանը կարևոր ինֆորմացիայի հավաքագրման փորձ էր արել։ Չինաստանն իր հերթին բողոք էր հայտնել՝ երկրին ուղղված զրպարտանք տարածելու հիմնավորմամբ, քանի որ, ըստ չինական կողմի բացատրության, չինական օդերևութաբանական սարքը պատահաբար էր հայտնվել ամերիկյան օդային տարածքում։