12/04/2023 17:08
Ես մտածում եմ՝ կարո՞ղ է ուրիշ երկրի գործակալներ են այդ մարդիկ, հավաքագրված գործակալներ․ Փաշինյանը՝ «5-րդ շարասյան» մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ իր զգացողությունները՝ 44-օրյա պատերազմում «5-րդ շարասյան» առկայության վերաբերյալ, ինչ-որ փաստերի վրա՞ են հիմնված։ Քոչարյանը նաև իր անձնական «զգացողությամբ» կսվեց՝ նշելով, թե իր տպավորությամբ՝ «6-րդ շարասյուն» էլ կա։
Նիկոլ Փաշինյանն իր պատասխանն սկսեց հեռուստատեսային մի ռեպորտաժի բովանդակությունը ներկայացնելով․ ռեպորտաժը, նրա խոսքով, բարձրաստիճան զինվորականի մասին էր, ով «չի թույլատրել» զինվորականներին՝ հետ գրավել ադրբեջանցիների վերցրած բարձունքը։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ մենք էլի ունենք նման իրավիճակներ, որոնք, հույս ունեմ, էլի կդառնան ռեպորտաժի թեմա։ Օրինակ, երբ որ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածում ու իր ենթակային հանձնարարում է, ասում՝ գնա զորքի մեջ խուճապ տարածի»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ նման զինվորականներն այլ երկրների գործակալներ են։
«Օրինակ, ես մտածում եմ՝ կարո՞ղ է ուրիշ երկրի գործակալներ են այդ մարդիկ, հավաքագրված գործակալներ։ Ես պնդում չեմ անում, ես անում եմ իմ վերլուծական հետևությունը, որովհետև ես ուզում եմ բացատրություն գտնել։ Այսինքն՝ ինքը կամ վերևից պիտի հրաման ստացած լիներ, և ես պիտի տայի այդ հրամանը, իսկ ես գիտեմ, որ այդ հրամանը չեմ տվել։ Ուրեմն, ինքը ուրիշ տեղ ունի «վերև», որտեղից ստացել է հրամաններ և կատարել է։ Որովհետև եթե ես տված լինեի այդ հրամանը, այդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել է, ես կատարել եմ, ես զինվորական մարդ եմ։ Բայց քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստանալու փաստը բացահայտվելու պարագայում ավելի լուրջ մեղադրանք կստանա, այսինքն՝ կստանա լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք։ Ինչքա՞ն է հասնում, 7 տարի՞ է հասնում, դատեք։ Որովհետև այն մյուս խոստովանության դեպքում նրան ոչ միայն կդատեն, այլև նրա ամբողջ ապրած առոք-փառոք կյանքը, կպարզվի, զրոյի արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է։ Օրինակ։ Եվ ցավոք, մենք այս փաստերը տեսնելու ենք»,- կանխատեսեց Փաշինյանը։